Ըստ ծրագրերի՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 23 միլիարդ 815 մլն 649 հազար դրամ, որը մոտ 624 միլիոն դրամով գերազանցում է 2024 թվականին հատկացված գումարը: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության բյուջեի նախագիծը՝ ասաց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
«Նախկինում հատկացված գումարը 23 մլրդ 191 միլիոն 294 հազար դրամ է կազմել: Ծրագրերը, որոնք իրականացվելու են 2025 թվականի ընթացքում արդարադատության նախարարության կողմից, 7-ն են: Քրեակատարողական ծառայություններ ծրագրի միջոցները նախատեսվում է ուղղել քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման և արդիականացման ռազմավարական պլանները կյանքի կոչելուն, վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը, պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը: Այս ծրագրի գծով 2025-ին նախատեսվել է 14 մլրդ 811 միլիոն 492 հազար դրամ, ինչը գերազանցում է 2024 թվականի ծախսերը 1 մլրդ 49 մլն դրամով:
2025 թվականին 500 միլիոն դրամը նախատեսվել է նոր ՔԿՀ-ի կառուցման համար և 59 միլիոն դրամ՝ քրեակատարողական ծառայության տեխնիկական հագեցվածության նպատակով»,- հայտնեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ սրանով է միայն պայմանավորված այս ծրագրի շրջանակներում ավելացումը և ոչ թե նվազեցումը:
«2025-ի համար նախատեսվել է «180 ունկնդիր» սոցիալական ուղղվածության ծրագրի նպատակով ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ անչափահասների կրթություն ստանալու շարունակականությունը ապահովելու ծրագրերի շրջանակներում: Իսկ «Առանց տարիքային սահմանափակման» հանրակրթության ծրագրում 2023-ին փաստացի ընդգրկվել է ՔԿՀ-ներում գտնվող 104 դատապարտյալ: 2025-ին նախատեսվել է 100 դատապարտյալի հանրակրթության ապահովում»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ լրացուցիչ գումար է նախատեսվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
«Հարկադիր կատարման ծառայություններ» ծրագրի գծով 2025-ին նախատեսվել է 3 մլրդ 363 միլիոն 180 հազար դրամ: 2024-ի համեմատ ծախսերն ավելացել են մոտ 7 տոկոսով:
«2023-ին պահանջատերերի օգտին բռնագանձվել է 58 մլրդ 103 միլիոն 635 հազար դրամ, որը 2022 թվականի ցուցանիշը գերազանցում է 14 տոկոսով: 2023-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 5 մլրդ 112 միլիոն 40 հազար դրամ, որը 2022-ի ցուցանիշը գերազանցում է 32 տոկոսով»,- տեղեկացրեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը: