Այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է, և միայն այդ անձը չէ: Քննչական կոմիտեում նույն վարույթով, եթե չեմ սխալվում, ևս մի քանի անձ է նմանատիպ հաղորդումներ տվել: Դրա վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է:
Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերել է քաղաքական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մեղադրանքներին:
«Իրավական գնահատականներ են տվել նաև իմ արարքին, այդ թվում նաև՝ այդ վարույթով անցնող ՔԿ-ի այլ ծառայողների արարքներին: Ես անձամբ վարույթի նյութերին չեմ ծանոթացել: Անկեղծ՝ ինձ շատ չի հետաքրքրել: Ես նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետև Քննչական կոմիտեի նախագահի լայն գործառույթների շրջանակում ցանկացած վարույթով կարող է զրպարտություն հնչել»,- ասաց Քյարամյանը:
Հարցին՝ արդյոք անձամբ շփում ունեցե՞լ է Առաքելյանի հետ, ՔԿ նախագահը տվեց բացասական պատասխան:
«Այդ վարույթով քրեական հետապնդումները չիրականացնելու մասին որոշումներ են կայացված, և գործով վարույթները կարճված են»,- պարզաբանեց Քյարամյանը:
Հիշեցնենք՝ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ էր ստացվել Տիգրան Առաքելյանից։ Վերջինս նշել էր, որ Քննչական կոմիտեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել, մասնավորապես Առաքելյանը հայտարարել էր, թե Արգիշտի Քյարամյանն իր աշխատասենյակում բռնություն է գործադրել իր նկատմամբ: