Քննիչի աշխատանքից չի կարող բողոք չլինել, դա բացարձակ անհնարին է: Իրականում երկու կողմ կա ցանկացած գործում, ցանկացած լուծման պայմաններում կողմերից մեկն անպայման դժգոհ է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն դիտարկմանը, թե քննիչների առնչությամբ քաղաքացիների բողոքները շատ են, արդյոք կա՞ն միջոցառումներ քննիչների մասնագիտական կարողությունների բարձրացման համար:
Ըստ Քյարամյանի՝ այս տարվանից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննիչները բարեվարքության ստուգումներ են անցնելու, գործընթացն արդեն իսկ սկսվել է:
«Բոլոր այն քննիչները, որոնք պետք է հերթական ատեստավորում անցնեն, և բոլոր այն քննիչները, որոնք պետք է առաջխաղացման ցուցակում ընդգրկվեն, պարտադիր բարեվարքություն են անցնում, բարեվարքության ստուգում են անցնում: Նաև նոր նշանակվող քննիչները, որոնք հաղթահարել են քննությունները և ընդգրկվել են քննիչի թեկնածուների ցուցակում, նրանք ևս բարեվարքության ստուգում են անցնում»,- ասաց նա:
Ըստ Արգիշտի Քյարամյանի՝ բարեվարքության ստուգումները չբավարարող քննիչների մասով ՔԿ ներքին անվտանգության վարչությունում կարգապահական վարույթ է նախաձեռնվում, և վարույթի քննությամբ որոշակի տույժ կարող է կիրառվել՝ ընդհուպ պաշտոնից ազատում:
«Բայց պարտադիր պայման է, որ բացասական բարեվարքության ստուգման եզրակացություն ստացած, ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար կարգապահական վարույթ նախաձեռնվի»,- ասաց նա: