2024 թվականի 9 ամիսներին դատարան ենք ուղարկել 114 քրեական վարույթ 250 անձանց վերաբերյալ: Նախորդ տարվա ցուցանիշը սրանից ավելի էր 20 գործով կամ 15 տոկոսով, սակայն դատի տրված անձանց քանակն էլ 36-ով էր ավելի: Այսինքն՝ մենք այս տարի դատի տրված անձանց քանակով և դատարան ուղարկված գործերի մասով ունենք նվազում: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Բայց այս նվազումը չի խոսում այն մասին, որ արդյունավետությունը նվազել է, որովհետև այս տարի մենք ունեցել ենք ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի աննախադեպ աճ: Այս տիպի [գործերով]՝ ոչ արդարացնող հիմքերով, կարճվել են հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության քրեական վարույթները, և աճը կազմել է 351 տոկոս: Այսինքն՝ 351 տոկոսով ավելի անձանց նկատմամբ դատախազները քրեական հետապնդումը դադարեցրել են կամ քրեական հետապնդում չեն իրականացրել գործուն զղջալու հիմքով:
Սա կարող է երկակի ընկալվել, որ մարդը կատարել է հանցանք, ըստ էության, բայց նրան գործուն զղջալու հիմքով ազատում ենք: Հավատացե՛ք՝ սրանով թեթևանում է և՛ դատախազների, և՛ դատարանների ծանրաբեռնվածությունը, և ավելի մեծ ռեսուրս է արդեն մեզ թույլ տալիս ներդնել (խոսքը դատախազների և դատարանների մասին է) ավելի լուրջ գործերի քննության համար»,- ասաց նա և հավելեց՝ ստացվում է՝ 2024-ին կատարվել է ավելի մեծ աշխատանք, բայց դատի են տրվել ավելի քիչ թվով անձինք: