Խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իշխանությունը փորձում է «ճնշումներով վերցնել Գյումրին», արդյոք իշխող ուժը փորձում է ՏԻՄ-երում ճնշումներ գործադրել:
«Դրանք սխալ մեկնաբանություններ են: Այդպիսի բան չկա»,- հարցին ի պատասխան՝ ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ եթե իշխանությունը նման մտադրություն ունենար, վերջին 3 տարում ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ ավելի այլ միջոցներ կձեռնարկեր, որը չի արել:
Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելուն, Հարությունյանի դիտարկմամբ, դա շատ ավելի հեշտ է իրականացնել նախընտրական փուլերում, քան հետընտրականում:
«Եթե մի իշխանության գործիքակազմը ճնշումներն են, ընտրությունների կեղծումը, դա կիրականացվի և դա ձեր աչքի առաջ կլինի: Այդպիսի գործելաոճը մեզ բնորոշ չէ: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, բացառապես դատաիրավական համակարգի կամ քաղաքական տիրույթում են»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը: