Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների աշխատավարձը մի փոքր ավելի բարձր է, քան օպերատիվ աշխատակիցների աշխատավարձը, բայց եթե քննիչների աշխատավարձը նախկինում էականորեն բարձր էր ՔԿ քննիչների աշխատավարձից, ապա հիմա երկու կառույցներում գրեթե նույնն է, միջինում՝ 600-700 հազար դրամ՝ կախված ստաժից և դասային աստիճանից: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Մենք դեռևս համալրման խնդիր ունենք, քանի որ աշխատավարձերը հավասարվել են, և նաև նկատի ունենալով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքն ավելի պատասխանատու է, իմ ընկալմամբ, ավելի ծանր է, ոչ այնքան մեծ հաճույքով են դիմում: Գրեթե 3 տարեկան ենք, 2021 թվականի հոկտեմբերին ենք հիմնվել, բայց այսօր էլ ունենք թափուր հաստիքներ, ընդ որում՝ օպերատիվ անձնակազմում՝ ավելի շատ»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ներկայիս աշխատավարձով կադրային խնդիրներն արդյոք լուծելի՞ են: Սասուն Խաչատրյանը արձագանքեց՝ անցած տարվա ընթացքում կադրերի արտահոսք եղել է դեպի դատախազություն:
«Շատ կարճ ժամանակահտվածում մեր ամենալավ կադրերից մի քանիսը թողեցին ծառայությունը և անցան աշխատանքի դատախազությունում: Ես դա համարում եմ բնական երևույթ, և, իհարկե, անփոխարելիներ չկան, բայց որոշ չափով դա ազդում է գործի արդյունավետության վրա»,- ասաց նա և հավելեց՝ հիմա կոմիտեն երիտասարդ կադրերով է համալրվել, իսկ աշխատավարձը գրավիչ է, քանի որ միջին աշխատավարձից բարձր է: