Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ առաջիկայում Կատարի Պետության կողմից ստորագրման կներկայացվի նաև ոլորտային համագործակցության զարգացման հուշագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Նախարար Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հետ, որի ընթացքում քննարկվել են հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում ՀՀ գործող դեսպան Արմեն Սարգսյանը։
Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները` նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ ընդգծել է Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման ու e-disability.am հարթակի գործարկման կարևորությունը։
Ոլորտային մի շարք կարևոր թեմաներից զատ՝ քննարկվել է նաև Հայաստանում ու Կատարում աջակցող միջոցների արտադրությամբ և զարգացմամբ զբաղվող ընկերությունների վերապատրաստման ու փորձի փոխանակման հնարավորությունը, ինչը երկուստեք թույլ կտա նպաստել աջակցող միջոցների որակի բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները։ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ինստիտուտի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը և նշել, որ վերջինիս կայացումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։
Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև քննարկված թեմաների շուրջ ՀՀ-ում ու Կատարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներ և միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը։
Ընդգծվել է նաև ընտանիքի ինստիտուտի հզորացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը․այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը՝ նշելով, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը փաստաթղթով սահմանված չորս հիմնական ուղղություններից մեկն է։