Մրցույթով երաշխավորված բոլոր դասագրքերի տպագրությունը եղել է սահմանված ժամկետում, և դրանք եղել են դպրոցներում մինչև սեպտեմբերի 1-ը՝ ճեպազրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ բացակայող դասագրքերի փոխարեն տրամադրվել են նյութեր, կան առարկաներ, որոնց ուսուցման հարցում նախարարությունը մեկ դասագրքի մոդելից հրաժարվելու քաղաքականություն է որդեգրել, քանի որ մեկ դասագրքով ուսուցումը չի նպաստում կրթության արդյունավետությանը:
«Երեք առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմությունն է, երկուսը՝ թվային գիտություն, համակարգչային գրագիտություն առարկան է, 7-րդ, 8-րդ դասարանի, մենք նյութեր ենք տրամադրել՝ Տավուշի մարզում գործածված նյութերը, թվային գիտություն և համակարգչային գրագիտություն առարկայի համար, ընդ որում՝ բոլորս հասկանում ենք, որ այս առարկայի համար դասագիրքը բավականին պայմանական է, հիմնական աշխատանքները պետք է գործնական բնույթ կրեն: Ինչ վերաբերում է պատմությանը, ես իմ խոսքում ինքս հնչեցրել եմ, որ մենք սա դիտում ենք իբրև փորձարկում, որովհետև մենք ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: