Հանրային ռադիոյի շենքի տանիքը, պարիսպը քանդվում են, պետք է նորոգվեն, կան նաև հարկեր, որոնք պետք է նորոգվեն: Տեխնիկական վերազինումը վերջին անգամ եղել է 21 տարի առաջ, աշխատողների միջին աշխատավարձը շատ ցածր է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ ներկայացնելով Հանրային ռադիոյին առնչվող խնդիրները:
«Դա հին շենք է, հին մտածելակերպով շատ մարդիկ [կան]: Ես ձգտում եմ երիտասարդացնել ամբողջ աշխատանքը, և զգում եմ, որ այդ բարեփոխումները շատ ծանր են գնում: Մարդիկ ասում են՝ դու մեզ ի՞նչ փող ես տալիս, որ մենք մի նոր լավ բան անենք, և այդ ընկճվածությունը շատ վտանգավոր է, մինչդեռ ռադիոն կարող է դառնալ իսկապես անաչառ, պրոֆեսիոնալ աղբյուր: Դա է իմ նպատակը, և ես կխնդրեմ, որ մեր գործընկերներն Ազգային ժողովում և Կառավարությունում հաշվի առնեն այդ բոլոր խնդիրները»,- ասաց նա: