Հանրային հեռուստաընկերությունն արդեն 3 տարի է՝ հետաքրքրված է «Հայֆիլմ» կինոստուդիայով: Մենք բավականին մեծ զարգացման ծրագիր ենք ներկայացրել ԿԳՄՍՆ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման մասով: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Հեռուստատեսության տենդենցները գնում են այնտեղ, որ կոնտենտի ստեղծումն է դառնում առաջնային, այլ ոչ հեռարձակումը, քանի որ ժամանակաշրջանը և տեխնիկան փոխվում են, և մարդիկ էլ, ինչպես շատերս, գուցե այլևս հեռուստացույց չենք դիտում որպես այդպիսին, այլ դիտում ենք մեր ցանկացած կոնտենտը հեռուստացույցով, որը որպես էկրան է:
Այստեղ մենք շեշտը պետք է դնենք կոնտենտի ստեղծման, բովանդակության ստեղծման վրա, որտեղ մեծ տեղ են զբաղեցնում հենց ֆիլմերը և կարճ սերիալները կամ երկար սերիալները՝ ըստ ճաշակի: Եվ Հանրային ՀԸ-ն այստեղ, իհարկե, աշխատանքներ տանում է: Փորձում ենք 1 տարվա ընթացքում 1-2 սերիալ թողարկել, բայց դա քիչ է, և մեր զարգացման ծրագրում մենք տեսնում ենք «Հայֆիլմ» կինոստուդիայի վերականգնում, որը մեկ առանձին մեծ ծրագիր է, որը ներկայացրել ենք, և այս մասով սպասում ենք արձագանքների, քանի որ ուզում ենք նաև, որ «Հայֆիլմ» կինոստուդիան վերականգնվի»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը և ընդգծեց՝ «Հայֆիլմի» վերականգնումն ամենահրաշալի բանը կլինի երկրում ֆիլմարտադրությունը զարգացնելու համար:
Ինչ վերաբերում է հեռուստաընկերության արխիվի թվայնացմանը՝ Հովհաննես Մովսիսյանն ընդգծեց՝ Հանրային ՀԸ-ում պահպանվում է միայն «Երևան» կինոստուդիայի ժառանգությունը, այսինքն՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը ՀԸ-ին չի պատկանում: Նա նաև նշեց, որ Հանրային ՀԸ-ն թվայնացնում է ՀԸ-ի արխիվը և «Երևան» կինոստուդիայի այն արխիվը, որը պահպանվել է, ու կան նաև չբացահայտված ֆիլմեր:
«Մեր ունեցած արխիվի 20 տոկոսից ավելին թվայնացվել է: 2019 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ ավարտվեց վերազինումը, հետո քովիդը սկսվեց, և թվայնացումը բավականին երկար ժամանակ չէր իրականացվում, և 2021 թվականի գարնանը սկսվեց պրոցեսն իրականացվել, և մինչև այս պահն առանց դադարի գնում է: Բավականին մեծ քանակի ֆիլմեր արդեն թվայնացվել են: Եվ ոչ միայն ֆիլմեր, այլև Հանրային հեռուստաընկերության արխիվը»,- ասաց նա: