Հանրային հեռուստաընկերության գործառույթներն ամեն տարի ավելանում են: Դրանց մի մասը ստանում է ֆինանսական հատուցում, մի մասը չի ստանում: Եթե զարգացման ծրագրերը չեն իրականացվում, մի քանի տարի հետո դառնում են պահպանման ծրագրեր, որովհետև վերջին անգամ, ասենք, 2015 թվականին նորոգված եթերային սարքասրահն այսօր արդեն նորոգման կարիք ունի: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ ընդգծելով, որ ֆինանսավորման շրջանակում պետք է անպայման հաշվի առնվեն զարգացման ծրագրերը, որի նպատակը նոր մարտահրավերներին համապատասխանելն է:
«Չնկարագրեմ, թե մեր կարիքներն ինչքան են, ուղղակի ուզում եմ թվարկել. 4 նախաձեռնությունից ֆինասնավորվել է միայն 1-ը, չինական դրամաշնորհի [շրջանակում] հայկական կողմի ենթակառուցվածքներն ապահովելու պարտավորությունն է: Բայց շարունակաբար չֆինասնավորված է մնում շարժական հեռուստակայանի ձեռքբերումը, որը, այսպես թե այնպես, մենք հանրապետության պետական նշանակության տարբեր իրադարձություններ նկարահանելիս ստիպված ենք լինում վարձակալել ուրիշ տեղերից, և բնական է, որ վարձակալությունն ի վերջո երկարաժամկետ հաշվարկով ավելի թանկ է նստում, քան եթե մենք օգտագործեինք մեր ունեցած սեփական տեխնիկան:
Երկրորդը եթերային սարքասրահն է, և երրորդ խնդիրը 7-րդ տաղավարի թվայնացումն է, որովհետև չթվայնացված անալոգային տեխնիկայի պայմաններում մենք ստիպված ենք օգտագործել հենց շարժական հեռուստակայանը, որը դրա համար նախատեսված չէ, և հաղորդումներ տեսագրել ու եթեր հեռարձակել այդ ստուդիայից. դա երկրորդ մեծ ստուդիան է շարժական կայանի միջոցով, ինչը նպատակահարմար չէ»,- ասաց Արա Շիրինյանը: