Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաըներության ենթակառուցվածքների ապահովման համար կհատկացվի 434 մլն դրամ: Սա մեծ գումարի մի մասն է, որը բաժանված է 4 տարվա մեջ: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տրամադրել է դրամաշնորհ ՀՀ-ին, և ՀՀ-ի հետ համատեղ կառուցվում է 8-րդ ստուդիան, տաղավարը, որը կլինի ամենամեծը, և դրան զուգահեռ՝ հայկական կողմն ունի պարտավորություններ՝ ապահովելու ենթակառուցվածքները՝ ճանապարհ մինչև ստուդիա, հողային աշխատանքներ, ծառատունկ. դա հեռուստատեսության դիմացի նախկին անտառների տարածքում գտնվող տարածքն է:
Ընդհանուր գումարը 8 մլրդ 374 մլն դրամ է, որից Հանրային հեռուստաընկերությանը 2025 թվականին հատկացվում է 7 մլրդ 425 միլիոն, այդ թվում՝ բյուջեից՝ 6 մլրդ 570 մլն, մնացած գումարը Հանրային հեռուստաընկերությունը (դա մոտավորապես իր բյուջեի 10 տոկոսն է) ձեռք է բերում իր կոմերցիոն գործունեության արդյունքում: Մասնավորապես՝ 700 մլն դրամը գովազդից ստացված եկամուտն է, 147 մլն դրամը՝ այլ տեսակի գործունեությունից»,- ասաց Արա Շիրինյանը: