Ավարտվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնք մեկ հարկի տակ էին համախմբել տարբեր պետությունների տնտեսական ոլորտի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսատնտեսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների: ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումները արդյունավետ հարթակ են ոչ միայն փորձի փոխանակման ու գլոբալ հիմնախնդիրների քննարկման, այլ նաև նոր համագործակցությունների և գործընկերության հաստատման համար:
Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լիի, ԱՄՀ և ՀԲ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, օտարերկրյա պետությունների գործընկերների ու ֆինանսական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություններին, ներկայացրել զարգացման տեսլականն ու նպատակները: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև գլոբալ ֆինանսական մարտահրավերները, տնտեսական կայունության ապահովման միջոցներն ու հնարավորությունները:
Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, տնտեսական աճի տեմպերն ու բարեփոխումների իրականացման ընթացքը: Ընդգծվել է ներդրումների խթանման, համաշխարհային շուկաներում մրցունակության բարձրացման և սոցիալական ծրագրերի ուժեղացման կարևորությունը: Հանդիպումների ընթացքում Էդուարդ Հակոբյանը անդրադարձել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությանը Հայաստանի զարգացման գործընթացներին: