1991-2017 թվականներին ՀՀ-ում 192 դպրոց է կառուցվել, մեծ մասը՝ աղետի գոտում: 2021-2024 թվականներին սկսվել են և ընթացքի մեջ են 223 դպրոցների կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ վերջին 3 տարիներին կատարված աշխատանքն այս մասով «ահռելի է», և ծավալով ավելին է, քան նախորդ 25 տարիների ընթացքում:
«Աշխատանքներն ավարտված են 35 դպրոցում, և նշածս դպրոցների շահառու երեխաների թիվը (223 դպրոցի մասին է խոսքը) 72 հազար աշակերտ է, և նրանց թիվը կհասնի շուրջ 100 հազարի (300 դպրոցների ընդհանուր շահառու դպրոցների մասին եմ խոսում, որը մեր հանրապետության սովորողների շուրջ 25 տոկոսն է), ինչը նշանակում է, որ 300 դպրոցի ծրագրի միջոցով մենք հանրապետության շուրջ 25 տոկոս սովորողների համար ստեղծում ենք բարեկարգ և ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն»,- ասաց նախարարը: