Ռուսական կողմը պատրաստ է Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել շփումներն ընդլայնելու հնարավոր առաջարկները, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք այժմ չունենք դիվանագիտական հարաբերություններ, քանի որ Վրաստանի նախկին ղեկավարությունը դրանք դադարեցրել է, սակայն մենք և վրացական կողմը միմյանց տարածքում ներկայացուցչություններ ունենք՝ Շվեյցարիայի դեսպանատանը կից»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ «այդ կարգավիճակում մեր դիվանագետները Թբիլիսիում աշխատում են, զեկուցում են նաև այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին»:
«Նրանք նպաստում են կապերի, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, որոնք իսկապես վերելք են ապրում, զարգանում է զբոսաշրջությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը և հավելել, որ ռուս դիվանագետները «առաջացած հարցերը քննարկում են Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»։