Եգիպտոսի նախագահն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է երկօրյա զինադադար կնքել, որի ընթացքում պետք է ազատ արձակվի Գազայում պահվող չորս պատանդ:
Կահիրեում ընդունելով Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունին՝ Աբդել-Ֆաթթահ աս-Սիսին ասել է, որ առաջարկը ներառում է նաև պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն ու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված:
Իսրայելից կամ ՀԱՄԱՍ-ից դեռևս պատասխան չի ստացվել, քանի որ շուտով բանակցություններ են տեղի ունենալու Դոհայում: Սակայն Կատարում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ավագ անդամ Հուսամ Բադրանը հայտարարել է, որ համաձայնությունը հնարավոր է։ Նրա խոսքը մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները։ Աս-Սիսին ընդգծել է, որ իր առաջարկությունն ուղղված է «իրավիճակը մեռյալ կետից շարժելուն»։