Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Իրական Հայաստանն է, այսինքն՝ այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միաժամանակ, և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածներն անքակտելի են: Եվ պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պիտի ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում, աշխատանքի, միայն ու միայն աշխատանքի: Այս մասին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շատ կլինեն բյուջեի եկամուտները, թե քիչ, արդյունավետ կլինեն ծախսերը, թե ոչ այնքան, բարձր կլինեն կենսաթոշակներն ու աշխատավարձերը, թե ոչ այնքան՝ մեր բոլորի՝ Կառավարության, Ազգային ժողովի, դատաիրավական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունք է:
«Դա այն արդյունքն է, որը մենք գեներացնում ենք միասին:
Մի բան ակնհայտ է, մենք կարող ենք և պարտավոր ենք անել ավելին՝ ելույթիս մեջ հիշատակված բանաձևերի տրամաբանությամբ, որը ամփոփվում է, ինչպես արդեն ասացի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգային շրջանակի մեջ:
Բայց մեր խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում՝ հարկային ու մյուս օրենսդրություններն ի սկզբանե Իրական Հայաստանի հիմքի վրա չեն ձևավորվել: Եվ ես վստահ չեմ, որ մեր օրենքները, ընթացակարգերը, քաղաքականություններն ավելին ձևավորելու լավագույն հնարավորությունն են տալիս»,- ասաց վարչապետը՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի:
«Նկատի ունեմ մի բան, որը կարող է նաև տարօրինակ հնչել մեր իրականության մեջ: Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների խնդիրներից մեկը, առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով և/կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը:
Ձեր թույլտվությամբ կրկնեմ՝ Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ստեղծելը:
Սա մի բան է, որ մեր պետական մարմինները հիմնադրման օրից ոչ թե բաց են թողել իրենց ուշադրությունից, այլ ընդհանրապես նրանց գենետիկայի մեջ չի էլ եղել նման խնդիր, և այս հարցի կարգավորումն առանցքային է: Մեր պետական մարմինների գենետիկա և գործելակարգի մեջ, մինչև այսօր, մենք բոլորս երբեք չենք ասել, չենք արձանագրել՝ մենք ի՞նչ հարց ենք լուծում, ի՞նչ խնդիր պետք է լուծենք, իսկ մենք պետք է լուծենք մի խնդիր: Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը, որ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա: Հասկանո՞ւմ եք, ոչ թե «յոլա գնա», այլ՝ հարստանա: Մեր պետական կառավարման ամբողջ իմաստն ու նպատակը հետևյալն է, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդ «յոլա գնա», և սա է մեր իրականության առանցքային բնորոշումը, մինչդեռ մենք մեր նպատակները պետք է ձևակերպենք, մեր խնդիրը պետք է լինի, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա:
Մենք պիտի մեր ամբողջ օրենսդրությունը, ընթացակարգերը, արտաքին և ներքին քաղաքականությունները համապատասխանեցնենք այս կարիքներին, «Իրական Հայաստանի» կարիքներին: Սա երկար, բարդ աշխատանք է, ու մենք այսօրվանից պիտի սկսենք այս աշխատանքը:
Քննադատներն այս կետում շատ դիպուկ ասելիք ունեն, որը հետևյալն է. իսկ ինչ էիք անում մինչև հիմա, վերջին վեց ու կես տարիներին: Իհարկե չի կարելի ասել, որ մենք այս ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացրել, մենք շատ աշխատանքներ ենք իրականացրել, բայց շատ կարևոր է, որ այդ աշխատանքները չենք իրականացրել հայեցակարգային հստակ ձևակերպման և պլանի ներքո: Եվ պիտի խոստովանեմ, որ հիմնական բանը, որ վերջին վեց ու կես տարիներին մենք բոլորս իրար հետ արել ենք, դա խարխափումն է Պատմական ու Իրական Հայաստանների արանքում:
Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք, մեզնից առաջ էլ, մեզնից առաջ նույնիսկ ընդհանրապես խարխափում չի էլ եղել, իսկ մենք մեր հիմնական ժամանակը, էներգիան ծախսել ենք՝ Պատմական ու Իրական Հայաստանների արանքում խարխափելով: Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խարխափումն ավարտված է: Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն ընտրել են Իրական Հայաստանի հայեցակարգը որպես ռազմավարություն: Վստահ եմ աներկբայորեն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույնպես ընտրել է Իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով իր այդ ընտրությունը կվերահաստատի»,- եզրափակեց խոսքը վարչապետը: