Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել A դասի բարձրագույն կարգավիճակ:
Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:
Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին:
Ուսումնասիրության առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը, մարդու իրավունքներին առնչվող զգայուն հարցերը հրապարակայնորեն հասցեավորելու հանգամանքը և այլն։ 2023-2024 թթ. Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ իրավասու պետական մարմինների հետ ակտիվ քննարկումների առարկա են դարձել 2019 թվականին Հավատարմարգրման ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի ՄԻՊ հաստատությանը տրված հանձնարարականները՝ վերաբերելի ոլորտներում օրենսդրական փոփոխություններ կատարելու առնչությամբ, մշակվել և քննարկվել են համապատասխան նախագծային տարբերակներ։
Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ներկայացված հանձնարարականների նաև հետագա իրացման հարցերի առումով։
A դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում: Նման կարգավիճակ ստացած Պաշտպանները հնարավորություն են ստանում լիակատար մասնակցություն ունենալու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև ընդգրկվելու դրանց կառավարման մարմիններում: