Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող Ночь чемпионов մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է գործել, և 6-րդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել է հայ բռնցքամարտիկին։
Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգոբերաշվիլիի նկատմամբ:
Վստահ հաղթանակ է տարել նաև գերծանրքաշային Դավիթ Չալոյանն՝ արդեն երկրորդ ռաունդում փայլուն հաղթանակ տանելով Պակիստանի ներկայացուցիչ Թեյմուր Խանի նկատմամբ, որը մինչ այդ որևէ պարտություն չէր ունեցել: Չալոյանը դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։
Երեկոյի գլխավոր մենամարտում ուժերը չափել են վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Գասիևը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել:
Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը, որը, սակայն, զիջել է Ղրղզստանի ներկայացուցչին: