Եվրոպական միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով և շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր 34 երիտասարդի՝ միասնական ջանքերով մշակելու թվային լուծումների գաղափարներ, ուղղված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանն ընդգծեց երիտասարդներին ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում ակտիվորեն ներգրավելու և ոլորտը երիտասարդ փորձագետների համար առավել գրավիչ դարձնելու առումով նախաձեռնության կարևորությունը․
«Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ և շատ բազմաբովանդակ գաղափարներ են ներկայացրել երիտասարդները։ Դրանք հետագայում կքննարկվեն, կուսումնասիրվեն և անպայման կկիրառվեն մեր կողմից, առավելագույնս լավագույն կերպով ջրային ռեսուրսները կառավարելու համար։ Հույս ունեմ, որ այս երկու օրվա ընթացքում ստացված փորձն ու գիտելիքները երիտասարդների մեջ կառաջացնեն հետաքրքրություն, և նրանք հետագայում արդեն որպես մասնագետներ կներգրավվեն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում»։
Երկու օրվա ընթացքում երիտասարդները հնարավորություն ստացան աշխատել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի փորձագետների և շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ՝ խորացնելով ոլորտի վերաբերյալ գիտելիքները և ձեռք բերելով տվյալների վերլուծության, մշակման և կիրառման հմտություններ։
Լավագույն երեք թիմերը ստացան ֆինանսական աջակցություն իրենց գաղափարները վերջնականացնելու և իրական թվային լուծումների վերածելու համար։