Երեք հիմնական խնդիր պետք է միաժամանակ լուծել՝ դիմակայունության ամրապնդումը և տնտեսական պոտենցիալի բարձրացումը, հարկաբյուջետային կայունության պահպանումը և մակրոֆիսկալ ռիսկերի կառավարումը: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Խոսելով պետական բյուջեի առանձնահատկությունների մասին՝ նշեց՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ:
«Դրանք ավելի քան 5.4%-ով կգերազանցեն 2024 թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը, որը 2024-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024-ին սպասվող ծախսերի համեմատ ավելի է 0.6 տոկոսային կետով:
Էական է նաև նշել, որ կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։
Արդյունքում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ սա երևի թե ամենաէական մասն է մեր բյուջեի:
«Որովհետև այստեղ է կենտրոնացած մեր ամբողջ ուժը: Այսինքն՝ այն պոտենցիալը, ուժը, որն այս տարի դնում ենք, պաշտպանության ոլորտի զարգացման մեջ է»,- նշեց Վահե Հովհաննիսյանը: