2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 105 մլրդ դրամ, որից 99.1 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ ծախսերին, իսկ 5.9 մլրդ դրամը` կապիտալ ծախսերին: «Նախարարության ընդհանուր բյուջեն նախորդ տարվա բյուջեից ավելի է 15 տոկոսով»,- ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի և Ծովինար Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ՀՀ ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կկազմեն 87.2 մլրդ դրամ, որից միայն աշխատավարձի վարձատրության և դրան հավասարեցված միջոցները` 77.4 մլրդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները` 17.8 մլրդ դրամ:
«Ընթացիկ ծախսերի գծով ունենք 8 մլրդ դրամի ավելացում, որը պայմանավորված է նաև Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի և այլ ապրանքների ու նյութերի ձեռքբերման անհրաժեշտությամբ»,- ընդգծել է փոխնախարարը:
Արմավիրի և Կոտայքի մարզերում արտակարգ դեպքերին և պատահարներին արագ արձագանքելու համար նախատեսվում է փրկարարական, հրդեհաշիջման մեքենաների ձեռքբերում և շենք-շինությունների շինարարություն:
Նախարարությունը գալիք տարի կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ: «Առանձին միջոցառումների մասով ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությանը և ձևաչափին համապատասխան` մշակվել և բյուջետային հայտում ներկայացվել են 120 արդյունքային ցուցանիշներ, չափորոշիչներ, որից 72-ը` քանակական, 23-ը` որակական, իսկ 25-ը` ժամկետային»,- մանրամասնել է զեկուցողը:
Գերատեսչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին ինն ամիսների հաշվարկով հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի 4.8 տոկոսով նվազում է արձանագրվել: Ընթացիկ տարում 331-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 418-ով` վիրավորների և 32-ով` զոհերի թիվը:
Նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2024 թվականի ինն ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 125 հազար 124 նույնականացման քարտ: Տրամադրվել է նաև 419.413 քաղաքացու անձնագիր: ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14.876 անձի:
Փոխնախարարը բարձրաձայնել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերը:
Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են միգրացիոն քաղաքականությանը, բիոմետրիկ անձնագրերի տրամադրմանը, թմրամիջոցների դեմ պայքարին և այլն:
Նույն օրն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում քննարկվել են գալիք տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, պետական պահպանությանը, արտաքին հետախուզությանը նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: