2025 թվականի բյուջեի ծրագրում նախանշված մակրոտնտեսական կանխատեսումներն արտացոլում են նախորդ տարիների տնտեսական բարձր աճի գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացումը և երկարաժամկետ ակյուն գործոնների վրա հիմնված տնտեսական աճի ձևավորումը: Վերջինս ենթադրում է միջնաժամկետ ծրագրի համեմատ տնտեսական աճի ավելի ցածր մակարդակի թիրախավորում:
Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, ինչպես նաև ԿԲ-ի` 2025-ի վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները:
«Արդյունքում՝ 2025 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային և պարտքի կայունության, ինչպես նաև տնտեսական ներուժի վերջին տարիների ձևավորված մակարդակի պահպանումը:
Գնահատվում է, որ 2025 թվականին տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը և աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը:
Այդուհանդերձ, 2025-ի ՀՀ կառավարության նպատակադրած տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանման խթանմանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածներում ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալով և սահմանված ժամկետներում իրականացման կարևորություններից և արդյունքներից:
Ըստ Կենտրոնական բանկի նախագահի` քննարկվող բյուջեի նախագծով նախանշված տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, հարկային վարչարարության բարելավման և իրականացվող հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը:
Գնահատվում է, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն:
«Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025 թվականին Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով և կկազմի 53 տոկոս: Հարկ է նշել, որ միջնաժամկետում` բյուջեի պակասուրդի մակարդակի նվազմանը համահունչ, պարտքի աճի տեմպը ևս կնվազի և Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կմնա կայուն` 54,6 տոկոսի շրջանակում»,- ասաց ԿԲ նախագահը:
Նրա դիտարկմամբ՝ պարտքի կայունության ապահովման, Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարևոր է շեշտադրել սեփական միջոցների հաշվին պետական ծախսերի իրականացման, ինչպես նաև բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք և արդյունավետ ռազմավարության կիրառումը:
Մարտին Գալստյանի խոսքով՝ Կառավարության գործընկերների հետ սկսվել են քննարկումները գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ և արդյունքների վերաբերյալ կտեղեկացնեն ԱԺ գործընկերներին:
ԿԲ-ի 2025 թվականի կապիտալ ներդրումների ծրագիրը կազմում է 8 մլրդ դրամ: Եկող տարվա բյուջեում ԿԲ-ն նախատեսել է մի քանի նոր նախագծեր: