ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, անդրադարձավ նաև միջազգային տնտեսական զարգացումներին, պարենի միջազգային գներին, ներմուծման և արտահանման ծավալներին, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվին և այլն:
Նախարարի խոսքով՝ 2025 թվականին ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ: 2024 թվականին սպասվում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին` միջինը 5.5 տոկոս տնտեսական աճ:
Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ այս աճի պայմաններում Կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը և 2021-2026 թվականներին միջինը կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:
Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերմամբ, կլինի 5.5 տոկոս: Այնուհետև` միջնաժամկետ հատվածում, այն կհասնի 3 տոկոսի:
Կառավարության պարտքը կաճի մինչև 53.5 տոկոս, այնուհետև միջնաժամկետով կբալանսավորվի 54.6 տոկոսի մոտակայքում: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի ավարտին կհասնի 25 տոկոսի, և հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 մլրդ դրամ:
Այս տարվա եկամուտները 2 տրիլիոն 613 մլրդի փոխարեն կլինեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ: 2025 թվականի ընթացիկ ծախսերը 2024 թվականի 24.1 տոկոսի համեմատ կաճեն 24.9 տոկոսով:
Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները` 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը` 609 մլրդ դրամ:
«2024 թվականի համեմատ մենք ունենալու ենք 275 մլրդ դրամ ավելի ծախսելու հնարավորություն: Այստեղ ընթացիկ ծախսերն ավելանալու են 238 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 38 մլրդ դրամով»,- հայտնեց Վահե Հովհաննիսյանը: