Պետական հատվածի աշխատանքի բովանդակությունն ու որակը շատ բանով են կանխորոշում, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում: Իհարկե, դա մեծապես կախված է նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանցից, որովհետև նաև նրանցից է կախված, թե իրենք առկա հնարավորությունները որքանով արդյունավետ կկիրառեն, այսինքն՝ որքանով կօգտագործեն հարստանալու և հարստացնելու բանաձևային այն հնարավորությունները, որը ստեղծում կամ լավարկում է կառավարությունը:
Այս մասին խորհրդարանում 2025 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետական բյուջեի տեսանկյունից «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» բանաձևը ընդամենը այդ նույն հարցադրումն է պարունակում՝ արդյոք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բավարար չափով և արդյունավետությա՞մբ է աշխատում, քանի որ մեզնից յուրաքանչյուրի աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլև մեր համընդհանուր բարեկեցությունը, ասել է թե՝ երկրի ապագան:
«Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետև հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք և հնարավորություն չունենալ, այլ, ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կան լայնածավալ թշվառություն և աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է և աչքի փուշ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մենք բոլորս մեկ ընդհանուր՝ պետական, ընտանեկան բյուջեում մեր ներդրումն ենք անում հանուն բոլոր քաղաքացիների համընդհանուր բարեկեցության, և պետական բյուջեն, ըստ էության, յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մասին է:
Վարչապետը հատուկ արձանագրեց՝ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ, ընտանեկան բյուջեն է, բայց նաև ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նեղ՝ ընտանեկան բյուջեի մաս է, ապա պարզաբանեց՝ ինչու:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրում չկա գեթե մեկ մարդ, ընտանիք, որի կարիքների բավարարման համար պետբյուջեից ծախս չի արվում, հետևաբար, մեր պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է:
«Ասել է թե՝ Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցության բաղադրիչ են ոչ միայն կենցաղային հարմարավետությունը, այլև ազատությունը, արդարությունը, օրինականությունը, առողջությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, հագեցած մշակութային կյանքը:
Ես սա հատուկ ընդգծում եմ, որովհետև շատ կարևոր է ընդգծել և թույլ չտալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև, այսպես ասած, ուտելու պրոցեսի քարոզչություն: Հայտնի հանգամանքների բերումով մեզ մոտ ծայրահեղացված դրսևորումներ կան:
Ուտելը, սնվելը բարեկեցության մաս են աներկբայորեն, բայց պետք չի բաժանել այսպես ասած՝ հոգևոր և նյութական բաղադրիչների, որովհետև մարդու բարեկեցությունը ամբողջական, համապարփակ հասկացություն է, որի մեջ մտնում է մարդու՝ մշակութային կյանքին հասանելիությունից մինչև սննդին հասանելիություն, այսինքն՝ հնարավոր չէ ունենալ համընդհանուր բարեկեցություն առանց պետական բյուջեի: Որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է համընդհանուր բարեկեցությունը»,- ընդգծեց նա: