Վրաստանում տեղի է ունեցել խորհրդարանի ընտրությունը։ Քվեարկողներն ընտրություն են կատարել ընտրապայքարի մասնակից 18 կուսակցությունից։ Խորհրդարանում տեղ կստանան այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան ժամեր անց:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը համոզմունք է հայտնել, որ վայելում է ընտրողների մեծամասնության աջակցությունը, միաժամանակ մեղադրել ընդդիմությանը երկիրը պատերազմի ուղով տանելու համար:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ մի շարք ընտրատեղամասերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, խախտումներ, ծեծկռտուք և այլ անկարգություններ են արձանագրվել, տարածքային հանձնաժողովներ տասնյակ բողոքներ են ստացվել: ՆԳՆ տվյալով՝ Մառնեուլի շրջանում հնարավոր լցոնումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Մառնեուլի տեղամասի արդյունքները: Իմերեթի մարզում էլ ընտրողները քվեատուփ են կոտրել: Տարբեր բնակավայրերում բռնության դեպքեր են եղել, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ: Իշխանության և ընդդիմության կողմնակիցների միջև բախումներ են եղել:
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» հայտնել է, որ իր գրասենյակներից մեկը ենթարկվել է հարձակման, կուսակցության անդամ Մարիամ Դոլիձեն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Երկրում անվտանգությունն ուժեղացվել է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։