Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոյին: Պատճառը երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևն է: Բաքուն կարծում է, որ ԵՄ տարբեր կառույցների միջոցով Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը շարունակվում է, իբր թե Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող հայտարարություններն ու քայլերը և երկրի ներքին գործերին միջամտելը խրախուսում են ռևանշիզմը Հայաստանում և դրանով իսկ վնասում խաղաղություն հաստատելու ջանքերին տարածաշրջանում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ, Բաքվի ձևակերմամբ, կողմնակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև միջամտում են երկրի ներքին գործերին։
Երեկ Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձև էր ընդունել 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Բանաձևով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում և արտերկրում։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։