Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ իր ռազմական գործողությունը համարում է արդյունավետ և ավարտված` հորդորելով Իրանին չպատասխանել դրան։
Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին ինքնապաշտպանության նպատակներով։ Reuters-ը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն այս հարձակմանը չի մասնակցել։ Վաշինգտոնը ևս Թեհրանին կոչ է արել չպատասխանել այդ հարվածին։
Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել էր Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների հարվածներ հասցնելու մասին: ԶԼՄ-ների տվյալով՝ միջուկային և նավթային օբյեկտներին վնաս չի հասցվել: Իրանական մի շարք բնակավայրերում հրդեհ է բռնկվել, Թեհրանում պայթյուններ են լսվել:
Իրանական Tasnim պարբերականը հերքել է Իսրայելի կողմից 20 օբյեկտ թիրախավորելու լուրերը՝ նշելով, որ դրանց քանակն ավելի քիչ է եղել։ Հերքվել է նաև, որ իսրայելական 100 ինքնաթիռ է ներգրավվել գործողությանը։ Իրանի նավթավերամշակման գործարանի խոսնակն էլ հերքել է, որ գործարանը ևս թիրախավորվել է Իսրայելի կողմից, ընդգծել, որ գործարանն իր աշխատանքը շարունակում է բնականոն հունով։