Վրաստանում մեկնարկել է խորհրդարանի ընտրությունը։
Առավոտյան 08:00-ից բացվել են երկրի բոլոր 3 048 ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև երեկոյան 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։
Քվեարկողները պետք է ընտրություն կատարեն ընտրապայքարի մասնակից 18 կուսակցությունից։ Խորհրդարանում տեղ կստանան այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։
Քվեարկությանը կարող է մասնակցել Վրաստանի 3 միլիոնից ավելի չափահաս քաղաքացի։ Վրաստանի սահմաններից դուրս՝ 42 երկրի 67 տեղամասում քվեարկությանը կմասնակցի 95 000-ից ավելի ընտրող։
Վրաստանի վարչապետն արդեն քվեարկել է, նա ընդդիմության ներկայացուցիչներին կոչ է արել ընդունել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի ընտրական հանձնաժողովը։
Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վայելում է քաղաքացիների մեծամասնության աջակցությունը: Վարչապետի խոսքով՝ Վրաստանում վճռորոշ պահ է: Ընդդիմությունը մեղադրում է «Վրացական երազանքին» ռուսամետ քաղաքականության համար:
Թբիլիսիում ԵՄ դեսպանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը դադարեցրել է կառույցին Վրաստանի անդամակցության գործընթացը, քանի որ երկրի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Պավել Հերչինսկին նաև մտահոգություն է հայտնել «Վրացական երազանքի» հակաեվրոպական քայլերի ու հռետորաբանության հետ կապված: Կոբախիձեն, սակայն, հերքել է բոլոր մեղադրանքները՝ վստահեցնելով՝ Վրաստանի տեղը ԵՄ-ում է: