Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ:
Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ բարձրացումն անհրաժեշտ է գնաճի դեմ պայքարելու համար, որը ներկայումս կազմում է 8,4%:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դիտարկվել է երեք տարբերակ՝ դրույքաչափը բարձրացնել 20 տոկոսի, 21 տոկոսի և 21 տոկոսից բարձր։
«Դրույքաչափի պահպանման տարբերակը չի դիտարկվել, ոչ ոք դա չի առաջարկել»,- հավելել է Նաբիուլինան՝ նշելով, որ դեկտեմբերին լրացուցիչ տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն կա:
Բանկը նաև թարմացրել է 2025 թվականի գնաճի իր կանխատեսումը՝ նշելով, որ հաջորդ տարվա համար գնաճի 4% թիրախը անհասանելի է։