Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով մեկնել է Հնդկաստան: Սա Շոլցի արդեն երրորդ այցն է Հնդկաստան 2021 թվականին կանցլեր դառնալուց հետո։
Գերմանիայի կանցլերը հանդես է եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի օգտին:
«Եթե մենք միասին աշխատենք այդ ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ ամիսներ անց, ոչ թե տարիներ»,- ասել է Շոլցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԵՄ-ն ու Հնդկաստանը ազատ առևտրի մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսել են 2007 թվականին, սակայն 2013 թվականին դրանք դադարեցվել էին որոշ ապրանքատեսակների՝ ընդհանուր շուկա մուտք գործելու հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով: