Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրապետությունը գտնվում է արտակարգ իրավիճակում, քանի որ արդարադատության համակարգը չի կարող հաղթահարել ընտրական կոռուպցիան։
Մոլդովայում հոկտեմբերի 20-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություն և եվրաինտեգրման հարցով հանրաքվե։ Նախագահ Մայա Սանդուն նշել է, որ դրանց շրջանակում արձանագրել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա։ Նա նաև պնդել է, որ իրավապահ մարմիններն ապացույցներ ունեն ընտրողներին կաշառելու փորձերի մասին. ըստ նրա՝ խոսքը 150-300 հազար ձայնի մասին է։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ գողերը վերադառնան իշխանության, պետք է փոխել օրենսդրությունը և ձեռնարկել արտակարգ միջոցներ: Մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում՝ պետության անվտանգությանը սպառնացող վտանգներով, երբ շատ փող ունեցող մարդիկ գնում են որոշումը. Մոլդովայի ինքնիշխան ժողովուրդը պետք է բացահայտի և պատժի բոլորին, ովքեր ներգրավված են այս ամենում, իսկ կառավարությունը և խորհրդարանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն»,- հայտարարել է Սանդուն:
Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: