Բաքվում Եվրոպական միության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
«Նրան բողոքի նոտա է փոխանցվել Եվրախորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին բանաձևի ընդունման կապակցությամբ, ինչպես նաև խստորեն դատապարտվել են այդ կառույցում տեղի ունեցած քննարկումների շրջանակներում Եվրոպական հանձնակատարի կողմից արված անհիմն և կողմնակալ հայտարարությունները»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Գերատեսչությունը ԵՄ ինստիտուտներին մեղադրել է իբր «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի» համար:
Ավելի վաղ Եվրախորհրդարանում ընդունվել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը»: Եվրապատգամավորները դատապարտել են Բաքվին՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար: Նրանք վերահաստատել են նաև պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, միաժամանակ կոչ են արել Ադրբեջանին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով: