ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում «Վարդանանց դասախոսություններ» ծրագրով հայ դասականների առաջին ձայնագրություններին նվիրված դասախոսությամբ է հանդես եկել ամերիկահայ երաժիշտ և երաժշտագետ Արա Դինքչյանը: Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը, համայնքի ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրվող ամերիկացիներ: Դինքչյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է հայկական երաժշտական հնագույն ձայնագրություններն ու ստեղծել է բացառիկ հավաքածու: Դրա մաս է կազմում 1908-ին Ալեքսանդրապոլում ձայնագրված «Արոր և տատրակ» ձայնասկավառակի պահպանված միակ օրինակը, որին կա նաև Կոմիտաս վարդապետի ձայնը։ Դինքչյանի մոտ են պահպանվում «Կիլիկիա» հայտնի երգի ամենահին ձայնագրությունները: Դրանցից մեկը կատարվել է Միացյալ Նահանգներում, և հայ երաժիշտները ստիպված են եղել ազգային երաժշտական գործիքները փոխարինել սաքսոֆոնով ու ամերիկյան հարվածային գործիքներով: Միջոցառմանը հնչել է նաև Դինքչյանի հավաքածուի երաժշտական գանձը՝ Հայաստանի օրհներգ «Մեր Հայրենիքի» պահպանված առաջին ձայնագրությունը:
Երաժիշտ, երաժշտագետ Արա Դինքչյանը իր ելույթում նշել է.
«1909-ին Սալոնիկում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր, իսկ հիմա Հունաստանի Թեսալոնիկի քաղաքն է, կատարվել է «Մեր Հայրենիքի» առաջին ձայնագրությունը։ Երգը կատարում է Օհանես Էֆենդի երգիչը, ձայնագրությունը բաղկացած է վեց քառատունից։ Այն ժամանակ, իհարկե, իրենց մտքով չէր անցնի, որ «Մեր Հայրենիքը» կդառնա անկախ Հայաստանի օրհներգը»։