Հոկտեմբերի 23-24-ը Երևանում կայացել է ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հայ-գերմանական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված է երկու երկրների կառավարությունների միջև գործող միջպետական համաձայնագրով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՏԿԵ նախարարությունը:
Երկօրյա հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են բեռնափոխադրումների համար երկու երկրների իրավասու պետական մարմինների կողմից տրվող թույլտվությունների տրամադրման կարգի, դրանց տեսակների, սահմանված ձևաչափերի և վիճակագրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 և 2026 թթ․ համար փոխանակել 50 թույլտվություն (30 Եվրո 5 և 20 Եվրո 6 դասի բեռնատարների համար)։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցել երկու երկրների միջև բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև փորձի փոխանակման հարցերում։