Կոնֆերանսն անցկացվում է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում, որը մեկնարկել է Շվեցարական համագործակցության գրասենյակի (SDC) և գործընկեր կառույցների նախաձեռնությամբ: FORACCA-ի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն:
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ներկայացուցիչներ միջազգային, հասարակական կազմակերպություներից և շահագրգիռ գերատեսչություններից։
Ագրոանտառաբուծության կոնֆերանսի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։ Նախատեսվում է նաև այդ կերպ խթանել համագործակցությունը կարևոր դերակատարների միջև, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ներառական և բարենպաստ միջավայր ստեղծել Հայաստանում ագրոանտառաբուծական համակարգերի ներդրման համար։
Իր ելույթում ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը կարևորել է անտառների տնկումը թե՛ կլիմայական, և թե՛ համայնքների տնտեսական զարգացման տեսանկյունից։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում խոսել է ագրոանտառաբուծության բնապահպանական օգուտերից․
«Վերջին տասնամյակների ընթացքում մեր հասարակությունը բախվել է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների՝ կլիմայի փոփոխություն, անապատացում, հողերի դեգրադացիա: Այս բոլոր գործոնները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության և, ի վերջո, պարենային անվտանգության վրա։
Ագրոանտառաբուծությունը մեզ առաջարկում է արդյունավետ լուծումներ այդ սպառնալիքները հաղթահարելու համար: Անտառային բույսերի ընդգրկումը գյուղատնտեսական լանդշաֆտներում օգնում է բարելավել հողի կառուցվածքը, բարձրացնել խոնավության աստիճանը և նվազեցնել էրոզիան»,- նշել է Արամ Մեյմարյանը և անդրադարձել ագրոանտառաբուծական համակարգերի հիմնմանն ուղղված ներկայիս ամենածավալուն նախաձեռնությունը, որն իրականացվում է Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկած
«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։
FORACCA-ի ագորանտառաբուծության բաղադրիչի իրագործման համար գիտական հենք ստեղծելու նպատակով՝ ՀԱԱՀ հետազոտական թիմը իրականացնում է մեկնարկային հետազոտություն ագրոանտառաբուծական համակարգերի տեղանքների ընտրության ինչպես նաև ագրոանտառաբուծական համակարգերի հիմնման և կառավարման պլանների կազմման վերաբերյալ։