2024 թվականի հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մարզադպրոցի շենքում ժամանակավորապես բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մի քանի օր է՝ մնացել են առանց էլեկտրաէներգիայի մատակարարման։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ անհապաղ կապ է հաստատվել շենքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու ներկայացուցչի հետ:
Բնակիչները նշել են, որ՝ ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված, առանց էլեկտրաէներգիայի մատակարարման շենքում բնակվելը դարձել է անհնար:
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով Պաշտպանի հանձնարարությամբ նույն օրը մշտադիտարկման այց է իրականացվել:
Այցի ընթացքում բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ՝ բարձրացված հարցը ստացել է լուծում և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
Բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո։