Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրում ազդեցություն չունի, չկան քաղաքական կուսակցություններ, լրատվամիջոցներ, որոնց վրա Մոսկվան կարող է ազդել:
«Հետևաբար ընտրությունների ընթացքն էլ նրանցից կախված չէ», - ասել է Իրակլի Կոբախիձեն:
Նա մտահոգություն է հայտնել, որ այժմ Վրաստանում իրավիճակը խիստ լարված է, երկրի ապագան դեռ անորոշ է։ Վարչապետը նաև պնդել է՝ վրացիները քրիստոնյա են, և նրանց տեղը Եվրոպայում է: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Եվրոպայում լինելը նշանակում է բարեկեցության ավելի բարձր մակարդակ և առաջընթաց: Ուստի Թբիլիսին հավատարիմ է արտաքին քաղաքականության այդ առաջնահերթությանը»։
Ավելի վաղ Թբիլիսիում ԵՄ դեսպանը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը դադարեցրել է կառույցին Վրաստանի անդամակցության գործընթացը, քանի որ երկրի խորհրդարանն ընդունել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը։ Պավել Հերչինսկին նաև մտահոգություն է հայտնել «Վրացական երազանքի» հակաեվրոպական քայլերի ու հռետորաբանության հետ կապված:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։