«Դաշնակիցները հաստատել են Ռուսաստան հյուսիսկորեական զորքերի տեղափոխման մասին տվյալները: Եթե այդ զորքերը նախատեսված են Ուկրաինայում պատերազմի համար, ապա դա ցույց է տալիս իրավիճակի զգալի սրացում և ևս մեկ վկայություն՝ ռազմաճակատում Ռուսաստանի զգալի կորուստների մասին»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դախլալլան՝ ի պատասխան DW-ի հարցմանը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ակտիվ խորհրդակցում են այդ հարցի շուրջ դաշինքի շրջանակներում և պատրաստվում են իրավիճակը քննարկել Հարավային Կորեայի իշխանությունների հետ։
Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի տարածքում հյուսիսկորեական զորքերի առկայությունը հաստատել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ The Washington Post-ի կայքում տեղադրված տեսանյութում նա ասել է. «Մենք ապացույցներ ունենք, որ հյուսիսկորեացի զինվորներ են մեկնել Ռուսաստան: Եթե նրանք մտադիր են մասնակցել այս պատերազմին Ռուսաստանի կողմից, դա շատ լուրջ խնդիր է: Դա կազդի ոչ միայն Եվրոպայի վրա, այլ նաև՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»,- նախազգուշացրել է Պենտագոնի ղեկավարը:
ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին և մտածում են հնարավոր պատասխանի մասին, եթե հաստատվեն Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու համար ԿԺԴՀ-ից զինվորականներ ուղարկելու վերաբերյալ հաղորդագրությունները՝ չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցութան համակարգող Ջոն Քիրբին: