Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ի տվյալներով՝ ավիահարվածները «հաջողությամբ ոչնչացրել են ահաբեկիչների 32 թիրախ»։ Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածները հասցվել են Անկարայի նահանգում գտնվող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերական կազմակերպության (TUSAS) օբյեկտներում իրականացված ահաբեկչությունից մի քանի ժամ անց։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել։ Բացի դրանից՝ սպանվել է երկու հարձակվող։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ենթադրում է, որ ահաբեկչությանը մասնակից է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նույնպես հայտարարել է քրդական կազմակերպության հնարավոր մասնակցության մասին։