Եվրոպական խորհրդարանում ձայների 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: Քվեարկությանը մասնակցել է 573 պատգամավոր:
Փաստաթղթում եվրապատգամավորները դատապարտել են Բաքվին՝ հանրապետությունում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման համար, կոչ են անում ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով դատապարտված անձանց, իսկ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որպես հնարավորություն օգտագործել COP29-ը՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին, անդրադառնալ այդ երկրի մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց փոխհարաբերություններում:
Պատգամավորները բանաձևում վերահաստատել են աջակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրանց հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Վերահաստատել են նաև պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, միաժամանակ կոչ են արել Ադրբեջանին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով:
Եվրապատգամավորները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Բանաձևին կողմ քվեարկածները ողջունել են ԵՄ մի քանի անդամ պետության կողմից Հայաստանին պաշտպանական ռազմական աջակցություն տրամադրելու գործողությունները և կոչ են արել անդամ պետություններին՝ դիտարկել նմանատիպ նախաձեռնությունները: Բանաձևը նաև ողջունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների նոր թափը, կոչ արել Հանձնաժողովին և Խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման Հայաստանի ցանկությանը:
Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին՝ լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները, ներառյալ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանը, որում նշվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձի համար միջոցները: Պատգամավորները նաև պահանջել են ձեռնպահ մնալ ԼՂ-ում հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացումից և պաշտպանել այն:
Կոչ է արվել ԵՄ-ին՝ դադարեցնել ամբողջ տեխնիկական և ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, անդամ պետություններին էլ՝ սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումը Ադրբեջան:
Կոչ է արվել ԵՄ-ին և նրա անդամ պետություններին՝ ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելի մեծացնել այն և երկարացնել գործունեության ժամկետը:
Բանաձևի տեքստն ամբողջությամբ՝
այստեղ: