ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցեց․
«Սրանով մենք գործարկում ենք համակարգը, որով կայքերի հասանելիությունն ենք սահմանափակելու, բանկային դրամապանակների ցանկն ենք հրապարակելու, որոնք արգելափակվելու են, և այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունն է սահմանափակվելու բանկերի կողմից։ ՀՀ-ում գործող և մեր կարգավորման ներքո գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որ մենք սահմանել ենք՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից։ Այս ռիսկերը կառավարելու համար օտարերկրյա պետություններում գործող կայքերը, որ դուրս են մեր կարգավորումների շրջանակից, պետք է սահմանափակվեն»։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ մեկ օրում և միանգամից ամեն ինչ չէ, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել, պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն։ Նրա խոսքով՝ նման կարգավորումներն առաջ են բերում դրանք շրջանցելու ձգտում, ուստի պետք է հետևեն, որ այն արդյունավետ լինի, որոշումը նպատակին ծառայի։