ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծին։
Զեկուցող ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ վերջին ամիսներին քննարկում էին հնարավորությունները, թե ինչպես կարող է Կառավարությունն առաջարկել ինստիտուցիոնալ լուծում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը զարգացնելու և իր համար ռազմավարական հռչակված ու առաջնահերթ համարվող ուղղություններում ներդրում անելու, միաժամանակ ավելի երկարաժամկետ աջակցության ծրագիր առաջարկելու համար, որը կանխատեսելիություն և կայունություն պիտի ապահովեր ոլորտի զարգացման համատեքստում։
«Մենք 7 տարիների համար փաթեթ ենք առաջարկում։ Առաջին ուղղությունը աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական համայնք խթանելու նպատակ ունի․ մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկել եկամտահարկերի 100 տոկոս վերադարձ աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով․ սա խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա վերաբերում է բուհերի հետ համագործակցությանը, ինչպես նաև այն աշխատակիցների մուտքին, որ երբեք տեխնոլոգիական ոլորտում ներգրավված չեն եղել, 31 և ավելի աշխատակից ունեցողների դեպքում նախատեսվում է եկամտահարկի 50 տոկոս վերադարձ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ երկրորդ ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին․ տեխնոլոգիական համակարգում աշխատանքային միգրանտների ներգրավողների համար նախատեսվում է եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ ապահովել՝ սրանով խրախուսելով միջազգային շուկաներում գործունեություն իրականացնող աշխատակիցներին ներգրավել դեպի հայաստանյան ընկերություններ, բարձրացնել մասնագիտական կարողությունները և տեխնոլոգիական տրանսֆեր իրականացնել։
Երրորդ ուղղությունն, ըստ նախարարի, կրթությանն է վերաբերում, այն է՝ խրախուսել մասնագետների վերապատրաստմանը․ փոքր ստարտափ ընկերությունների դեպքում նախատեսվում է մեկ եռամսյակի համար վերադարձնել 50 տոկոս եկամտահարկ, 31 և ավելի աշխատակից ունեցողների համար՝ 25 տոկոս։
«Չորրորդ ուղղությունը գիտահետազոտական աշխատանքների խթանումն է։ Բոլոր այն ընկերությունները, որ կանեն գիտահետազոտական աշխատանք, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20-ից կիջնի 10 տոկոսի։ ՀՀ-ն ծառայություններ մատուցողից պետք է դառնա պրոդուկտներ մատուցող, մատակարարող և միջազգային շուկաներին առաջարկող երկիր»,- ասաց Հայրապետյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ միգրանտների համար պարտադիր համարվող կուտակային կենսաթոշակների վճարումները մտադիր են դարձնել կամավոր։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարության ծրագրով նպատակ ունեն չեղարկել գործող արտոնությունները և նոր արտոնություն չտալ, ուստի սա արտոնություն չէ, այլ աջակցություն է ոլորտին։
«Մենք ոչ թե եկամտահարկը իջեցնում ենք 10 տոկոսի, այլ տնտեսվարողին ասում ենք՝ եթե ներդրում կատարեք կրթության մեջ, մենք այդ չափով կվճարենք ձեր ծախսը»,- ասաց նա։