Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե արդյոք ամրապնդելով պաշտպանության ոլորտի հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիան բավարա՞ր է համարում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, և արդյոք Հայաստանը վտանգի տակ չէ:
Ծագումով հայ Կասբարյանը, որը նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը, որպես պատգամավոր երկար ժամանակ գործունեություն է ծավալել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում, ընդունել է, որ Հայաստանը դեռ վտանգի տակ է, քանի որ բախվում է հարևան Ադրբեջանի մշտական ագրեսիային, որի ծավալապաշտական նկրտումները շատ ուժեղ են։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին և, թերևս, Եվրոպայի միակ երկիրն է, նույնիսկ միակ արևմտյան երկիրը, որն այդքան մոտ է Հայաստանին, և ոչ միայն խոսքով։
«Ֆրանսիան շատ ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին համագործակցության միջոցով։ Դա անում է՝ մատակարարելով պաշտպանական սարքավորումներ: Կարծում եմ՝ Ֆրանսիան միակ եվրոպական երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է մատակարարում Հայաստանին։ Ես ողջունում եմ պարոն Լըկորնյուի գործողությունները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աշխատել են, որ Ֆրանսիան ամրապնդի իր ռազմավարական գործընկերությունը և նպաստի բազմաթիվ թշնամիներով շրջապատված այս փոքր պետության պաշտպանությանը»:
Գիյոմ Կասբարյանը պարզաբանել է, որ Հայաստանը մի երկիր է, որը վտանգված է և Ֆրանսիայի հետ կիսում է բազմաթիվ արժեքներ՝ սկսած ժողովրդավարությունից։ «Այդ պատճառով ես, իհարկե, միշտ աջակցելու եմ հայերին, ինչպես և կառավարությունը, ինչպես միշտ աջակցել է Ֆրանսիան»,- ասել է նախարարը և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես եվրոպական երկիր, որը Հայաստանին ցուցաբերվող աջակցության առաջնագծում է, կշարունակի այդ կուրսը: