Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը հաջողությամբ համատեղ նախագծեր են իրականացնում տրանսպորտի, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։
«Մենք կարող ենք լիակատար վստահությամբ պնդել, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները դարձել են ժամանակակից աշխարհում պետությունների միջև հարաբերությունների կառուցման օրինակ: Մեր բազմապլանային համագործակցությունը կրում է իրավահավասար, փոխշահավետ և ընդհանրապես ոչ կոնյունկտուրային բնույթ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Սին ևս բարձր է գնահատել Մոսկվայի աշխատանքը որպես BRICS-ում նախագահող երկիր: Նրա խոսքով՝ Կազանի գագաթնաժողովը հսկայական նշանակություն կունենա BRICS-ի շրջանակում համագործակցության առաջմղման համար։
Ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպումը: Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է BRICS-ի ձևաչափով Նյու Դելիի հետ փոխգործակցությունը:
ՌԴ նախագահի խոսքով՝ երկրների հարաբերություններն «արտոնյալ գործընկերության» բնույթ ունեն: Մոդին էլ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության վերաբերյալ մշտապես կապ ենք պահպանում։ Մենք լիովին աջակցում ենք խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմանը»,- ասել է նա:
Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ իր այցը երկու պետության միջև սերտ համակարգման և ամուր բարեկամության վկայությունն է:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։