Ղազախստանի կառավարությունը չի ցանկանում, որ երկրի տարածքն օգտագործվի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։ Այդ մասին լեհական РАР լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է հանրապետության փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
«Ղազախստանը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ և չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Միաժամանակ մենք չենք ցանկանում, որ մեր տարածքն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է պաշտոնյան։
Վասիլենկոյի խոսքով՝ ներկայումս Ղազախստանի դիրքորոշումը «հայտնի է ու հասկանալի բոլորին» և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Ղազախստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պատժամիջոցները չշրջանցվեն, քանի որ հանրապետությունը «չի ցանկանում հայտնվել երկրորդական պատժամիջոցների տակ»։
Փոխարտգործնախարար նշել է, որ «Ղազախստանի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ չկան», բայց կան «տարբեր հարցեր», քանի որ դրանք երկու հարևան երկրներ են, որոնց հարաբերությունները «շատ բազմազան են»։