ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այցի նախօրեին Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիները։
Կիևում, սակայն, Գուտերեշին քննադատել են Պուտինի հրավերով գագաթնաժողովին մասնակցելու համաձայնության համար, մինչդեռ ավելի վաղ գլխավոր քարտուղարը հրաժարվել էր մասնակցել Շվեյցարիայում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին»։
Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին ներկայացված են 36 երկրի պատվիրակություններ, որոնցից շատերը BRICS-ի անդամ չեն:
Վերլուծաբանների խոսքով՝ Մոսկվայի համար BRICS-ի գագաթնաժողովի ռազմավարական խնդիրն է ցույց տալ, որ Ռուսաստանը, չնայած այն հանգամանքին, որ պատերազմ է վարում Ուկրաինայում, միջազգային մեկուսացման մեջ չէ:
Միաժամանակ գագաթնաժողովին հրավիրված մի շարք պետության ղեկավարներ տարբեր պատճառներով չեն ժամանել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի և Կուբայի առաջնորդներին։