Թուրքիան գաղտնի արգելել է ամերիկյան ռազմական ապրանքների արտահանումը Ռուսաստան այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նախազգուշացրել է Անկարային առևտուրը չդադարեցնելու հետևանքների մասին։ Այդ մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։
Նրանց տվյալով՝ Անկարան վերջին շաբաթներին փոփոխություններ է մտցրել իր մաքսային համակարգերում ՝ նպատակ ունենալով արգելափակել ավելի քան չորս տասնյակ ապրանքի արտահանումը, որոնք Վաշինգտոնն ու իր արևմտյան դաշնակիցները կենսական նշանակություն են համարում Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանի համար:
Թուրքիայի էլեկտրոնային մաքսային համակարգն այլևս թույլ չի տալիս «մարտադաշտի ապրանքներ» ուղարկել Մոսկվա։ ԵՄ-ից նմանատիպ ապրանքներն ավելի վաղ արգելափակվել են, հայտնել է երկու աղբյուր:
Արտադրանքը ներառված է արևմտյան արտադրության 50 «բարձր առաջնահերթության» ապրանքների ցանկում, որոնք ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և Ճապոնիան կարևոր են համարել ռուսական զենքի արդյունաբերության համար:
Դրանց թվում են առաջադեմ էլեկտրոնիկան, որը պարբերաբար հանդիպում է Ուկրաինայում խոցված հրթիռներում և անօդաչու թռչող սարքերում, օրինակ՝ ինչպիսիք են պրոցեսորներն ու հիշողության քարտերը, ինչպես նաև հաստոցներ և զենքի արտադրության այլ սարքավորումներ:
Ավելի վաղ թուրքական բանկերը կտրուկ կրճատել էին բիզնեսը ռուս գործընկերների հետ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նման գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր հրապարակեց:
Ըստ FT-ի՝ այս պահվածքը կարող է վկայել այն մասին, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու սողանցքի իր դերից։