Մեր երկխոսությունը ևս զարգանում է դրական հունով, և ես կարծում եմ՝ ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցին:
«Կան որոշակի՝ վստահությունն ամրապնդող միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նախարարը հիշեցրեց՝ պայմանավորվածության համաձայն՝ սահմանը պետք է մասնակի բաց լիներ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն, ցավոք, այն դեռևս իրականություն չէ:
«Բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- խոսքը եզրափակեց նախարարը: