ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:
Վիգեն Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Գուրգեն Մալխասյանի և Ատոմ Հայրապետյանի օգտին կողմ ձայներ չեն գրանցվել:
Վիգեն Քոչարյանի թեկնածությունը ներկայացնելիս Կարեն Անդրեասյանը տեղեկացրել էր՝ թեկնածուն ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը 1993 թվականին, այնուհետև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, սովորել է նաև ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանում: Ունի մասնագիտական 27 տարվա և 11 ամսվա ստաժ:
Վիգեն Քոչարյանն իր ելույթում ներկայացրել էր իր մոտեցումները Վճռաբեկ դատարանի և ընդհանրապես դատական համակարգի գործունեության վերաբերյալ:
Թեկնածուի խոսքով՝ իր գիտելիքներն ու փորձառությունները կիրառելի և օգտակար կարող են լինել նաև Վճռաբեկ դատարանում: